Չեմպիոնների լիգայի խմբայինների երկրորդ հանդիպումներն արդեն իսկ թույլ են տալիս որոշակի ընդհանրացումներ անել, թեպետ անորոշություններն էլ պակաս չեն, ու դիմացը լուրջ զարգացումներ կան, որոնք կարող են տակնուվրա անել ամեն ինչ: Եվ, այնուամենայնիվ, երկօրյա հանդիպումների արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար որոշեցինք այս անգամ դիմել դրանք ըստ խմբերի ներկայացնելու ձևաչափին:
A ԽՈՒՄԲ
Արտագնա հանդիպումները թե՛ Մադրիդի «Ռեալի», թե՛ «Պարի Սեն Ժերմենի» համար հաջող ավարտ ունեցան: Առաջինն իր առավելությունը շվեդական «Մալմյոյի» նկատմամբ ամրագրեց 2:0 հաշվով, երկրորդը երեք անպատասխան գնդակ ուղարկեց ուկրաինական «Շախտյորի» դարպասը: Երկուսն էլ ունեն վեցական միավոր, ինչն ուղղակիորեն վկայում է, որ մյուս երկուսի անվան դիմաց «փայլում» են զրոները: Եթե հանկարծ, ջրհեղեղ կամ երկրաշարժ չլինի, ակնհայտ է, որ այս խմբից «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենն» են դուրս գալու հաջորդ փուլ ու հենց նրանց ուղղակի պայքարում է որոշվելու, թե որն առաջին ու որն է երկրորդ տեղում հայտնվելու:
B ԽՈՒՄԲ
Այստեղ երեքական միավոր ունեցող չորս թիմերն էլ՝ ռուսական ԲԿՄԱ-ն, հոլանդական ՊՍՎ-ն, անգլիական «Մանչեստր Յունայթեդը», գերմանական «Վոլֆսբուրգը», հավասար հնարավորություն են պահպանում ու սկզբունքորեն, եթե, իհարկե, կուլ չգնանք «Մանչեստր Յունայթեդ» կոչված բրենդին, դժվար է ասել, թե որ երկուսն են լինելու ճամփա գնացողն ու որ երկուսն են պայքարելու Եվրոպայի լիգայի միակ ուղեգրի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ օրվա մրցակցություններին, Մոսկվայի բանակայինները 3:2 հաշվով հաղթել են ՊՍՎ-ին, Մատայի ու Սմոլինգի ջանքերով մանչեստրցիները «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարել են կամային հաղթանակ՝ 2:1:
C ԽՈՒՄԲ
Այստեղ բոլոր դեպքերում պիտի առանձնացնել պորտուգալական «Բենֆիկային», որն արտագնա խաղում համառ եղավ այնպիսի «դժվարամարս» թիմի հետ խաղում, ինչպիսին Մադրիդի «Աթլետիկոն» է: Պորտուգալացիները չկոտրվեցին մրցակցի խփած գոլից ու կարողացան դրան պատասխանել երկուսով:
«Բենֆիկայի» պես համառությամբ աչքի ընկավ նաև ղազախական «Աստանան», որը չնայած 77-րդ րոպեին պարտվում էր 0։2 հաշվով, այդուհանդերձ խաղը բերեց-հասցրեց ոչ-ոքիի հանգրվանի, ու բնավ էլ կապ չունի, որ բոլոր չորս գոլերն էլ «Գալաթասարայի» ֆուտբոլիստների անվան դիմաց են գրանցված: Հիմա ուզում եք եղածը հաշվեք թուրք-ղազախական բարեկամության արտահայտություն, ուզում եք համարեք հյուրերի անձնական ողբերգություն, դրանից խաղի հաշիվը ոչ մի կերպ չի փոխվում, իսկ մեզ մնում է կծու հեգնել մեր ֆուտբոլային «խելոքներից» մեկին, ով ասում էր, թե հայկական ֆուտբոլը եղել է, կա ու կլինի ղազախական ֆուտբոլից ուժեղ: «Եղել է»-ի հաշվով չենք վիճում, «կա»-ն ակնհայտ չափազանցություն է, «կլինի»-ն խիստ կասկածելի է ներկայանում, քանի դեռ հայկական ֆուտբոլի գլխին սրանք են: Չկոնկրետանամ մակդիրների հաշվով: Ինչևէ: «Բենֆիկան» վեց միավորով առաջին տեղում է, «Աթլետիկոն» մնաց ունեցած երեք միավորով:
D ԽՈՒՄԲ
Ամեն ինչից զատ, «Յուվենտուս»-«Սևիլիա» հանդիպումը հետաքրքրական էր նաև նրանով, որ երկուսն էլ ներքին առաջնություններում, այսպես ասած, չեն փայլում ու դեմքը փրկելու համար ակնհայտորեն շատ ավելի միտված են գոնե Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալուն: Հանդիպումը ցույց տվեց, որ «ծեր սինյորան» ավելի նախանձախնդրորեն է տրամադրված իր առջև դրված խնդրին՝ 2:0, իսկ ահա «Սևիլիան» Մյոնխենգլադբախի «Բորուսիային» 2:1 հաշվով հաղթած «Մանչեստր Սիթիին» հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու իրեն (մանչեստրցիները հաղթական գոլը խփել են հանդիպման վերջին վայրկյաններին՝ տասնմեկմետրանոցից) ու երանելի ուղեգրերի համար խմբում մրցակցությունն ավելի թեժացնելու:
Այստեղ թերևս միակ բացառությունն անենք ու կոնկրետ այս խաղի վերաբերյալ հղում անենք «Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզչին, ով հետխաղյա ասուլիսում ի մասնավորի ասել է. ««Բորուսիայի» հետ տարօրինակ ստացվեց: Վաթսունհինգ րոպեի ընթացքում երկու թիմերն էլ գոլ խփելու շանս ունեին: Դրանից հետո գերակայեցինք մենք: Մրցակիցը մեզնից լավ էր նայվում նախ և առաջ պաշտպանությունում: Պաշտպանությունում մենք թույլ էինք գործում: Ամբողջության մեջ պիտի արժանին մատուցել գերմանական թիմին: «Յուվենտուսի» ու «Վեստ Հեմի» հետ խաղերում մենք արժանի չէինք պարտության, իսկ այսօր, հնարավոր է, արժանի չէինք հաղթանակի: Բայց և այնպես երեք միավորը մերն է»:
Հանուն ճշմարտության ասենք, որ սա ամենաբարդ խումբն է, ու պատահական չէ, որ վիճակահանության արդյունքով այն կնքել էին «մահվան խումբ» անունով: Եթե խմբի անունից ածանցվենք, առայժմ միակ հիմնովին «մեռնողը» մնում են գերմանացիները, թեպետ նրանք, չկասկածեք, դեռ «խաղեր» են տալու ու քիչ արյան գետեր չէ, որ դեռ հոսելու են: Համենայն դեպս, մենք այս կարծիքին ենք ու ահա թե ինչու: Ներքին առաջնությունում գլադբախցիներն այնքան թույլ են մեկնարկել, որ եթե եվրոպական այս խաղարկությունում էլ բան չեն անելու, բա ի՞նչ են անելու:
E ԽՈՒՄԲ
«Բայերի» հետ հանդիպումում «Բարսելոնին» սպասում էր լուրջ փորձություն, որքան էլ կատալոնցիները հյուրընկալող կողմն էին: Մի կողմից՝ ունեցած մեկ միավորը, մյուս կողմից՝ Մեսիի բացակայությունը բացասական առումով կարող էին հոգեբանական լուրջ ազդակներ դառնալ: Բարեբախտաբար, խնդիրը լուծվեց, թեպետ գերմանացիներն արժանի էին միավոր վաստակելու՝ 2:1:
«Բարսելոնից» մեկ միավոր պոկած իտալական «Ռոման» Բելառուս էր մեկնել հաստատ երեք միավոր վաստակելու նպատակադրմամբ, սակայն մեծամտորեն հաշվի չէր առել ԲԱՏԷ-ի համեստ կարծիքը: Իհարկե, բաց թողած երեք գնդակից հետո քիչ բան չէ երկու գոլ հեղինակելը, բայց դե, հասկանում եք, 2։3 հաշվով պարտությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ կես միավոր չի կարող դառնալ, էլ ուր մնաց մեկ: Եվ, այդուհանդերձ, այստեղ էլ են դեռ արյան գետեր հոսելու:
F ԽՈՒՄԲ
Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ «Բավարիայի» գործադրած «բռնության» մասին ընթերցողը մեր նախորդ նյութերից տեղեկացված է, այնպես որ հիմա միայն թարմացնենք հաշիվը՝ 5:0:
Խմբում շատ ավելի դրամատիկ զարգացումներ եղան «Արսենալ»-«Օլիմպիակոս» դիմակայության ժամանակ. լոնդոնցիները պարտություն կրեցին 2:3 հաշվով ու, կարծես, արմատապես թաղեցին Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու իրենց հավակնությունները, և ահա թե ինչու: Երկու խաղում էլ «Արսենալը» տանուլ է տվել սկզբունքորեն չեղած տեղից հիմնական մրցակիցների վերածված ու արդեն երեքական միավոր ունեցող Զագրեբի «Դինամոյին» ու «Օլիմպիակոսին», իսկ առաջիկա հանդիպումը «Բավարիայի» հետ է, ու չգիտես թե ինչու, ինչ տրամաբանությամբ մյունխենցիները պիտի պարտավորված լինեն խորտակումից փրկելու անգլիական նավը: Իհարկե, ամեն ինչ չէ, որ «Արսենալի» համար վերջնականապես ավարտված է, որովհետև խմբային հաջորդ փուլում իրար դեմ են դուրս գալու հորվաթներն ու հույները, և այստեղ անգլիացիների համար կարող է ուրվագծվել փրկարար ոչ-ոքի հաշիվը: Սակայն պայմանը մնում է մեկը՝ հերթական զրո միավորը չվաստակել գերմանացիների հետ խաղում: Մի խոսքով, այս խմբում սպասվում են ոչ թե պարզապես դրամատիկ, այլ չափազանց դրամատիկ զարգացումներ:
G ԽՈՒՄԲ
Խառն է վիճակը և այստեղ: Մոուրինյոյի համար հարազատ պորտուգալական հողում «Չելսիի» քիթը (այո-այո, քիթը ու ոչ թե ոտնաթաթը) 2:1 հաշվով տրորելուց հետո դրանում իր արժանի մասնակցությունն ունեցավ Իկեր Կասիլյասը, ում ճակատագրում բացասական քիչ դեր չխաղաց նույն Մոուրինյոն), «Պորտուն» չորս միավորով առջևում է: Միավորների նույնքան պաշար ունի նաև իսրայելական «Մակաբիին» արտագնայում 2:0 հաշվով հաղթած Կիևի «Դինամոն»: Ինչ խոսք, որ «Չելսիի» անվան դիմաց գրանցված երեք միավորը մի տեսակ տխուր է նայվում, սակայն այն այնքան էլ վատ մրցահարթակ չի դիտարկվում հետագա հզոր ցատկի համար:
H ԽՈՒՄԲ
«Զենիթը» շարունակում է խիզախել, ու դրա վեց միավորն ու խմբայինում միանձնյա լիդերությունն է: Այս անգամ նրան զիջողը «Գենտն» էր՝ 1։2, որը մեկ միավորով եզրափակում է աղյուսակը: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո խելքը գլուխը հավաքած «Վալենսիան» երեք միավորով վերադարձավ Լիոնից, և ոչինչ, որ հաղթանակ ապահոված գոլը միակն էր այդ դիմակայությունում:
Ընդհանուր գծերով ահա այսքանը Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղերից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ